12/03/2019 11:15
Հրազդանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Արամ Դանիելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին», - ասաց Ն. Հարությունյանը։
Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ սույն գործով կա ևս 8 մեղադրյալ, որոնց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։
«Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին», - ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել էր Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:
Դանիելյանն ընդունել էր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված ամբողջ վնասը և ազատվել արգելանքից: