12/03/2019 12:55
Եթե բացասական որոշում կայացվի, հիմնական բեռը ՀՀ բյուջեի վրա է լինելու. տնտեսագետը՝ Լիդիանի գործի մասին
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերությունը երեկ հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK)-ը և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը վերջինիս հետ վեճերի առկայության մասին:
Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն՝ Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։
- Պարոն Ֆանյան, ստեղծված իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք, որ արբիտրաժային գործընթաց սկսվի։
- Իրականում կդժվարանամ ասել՝ որքանով է հավանական, որ նման գործընթաց սկսվի։ Դա նախևառաջ կախված է կառավարության գործունեությունից, թե առաջիկա ամիսներին ինչպես կարձագանքի տվյալ հայտարարությանը։ Մենք գիտենք, որ Քննչական կոմիտեում այդ գործի շրջանակներում նախատեսվում է հավելյալ փորձաքննություն իրականացնել։ Ըստ այդմ, գործընթացների պետք է սպասել՝ կախված ժամկետներից և արագությունից։
Հիշում ենք, որ հավելյալ փորձաքննություն իրականացնելու համար ՔԿ-ում գործ էր հարուցվել, և այդ գործի շրջանակներում որոշվել էր, որ ռիսկերը գնահատելու համար պետք է հավելյալ փորձաքննություն իրականացվի։ Կառավարությունն, ըստ էության, հայտարարել էր, որ միջազգային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար Քննչական կոմիտեին գումար է հատկացնում։
Ընդհանուր առմամբ, արբիտրաժային գործընթաց սկսել-չսկսելը միանշանակ կախված է կառավարության գործողություններից։ Նույնիսկ եթե կառավարությունը հայտարարում է, որ ցանկանում է պայմանագիր կնքել, և այդ պայմանագրի կնքումն ինչ-ինչ պատճառներով երկարաձգվում է, դա նույնպես կարող է բացասական ազդեցել գործի վերջնական ելքի վրա։ Դա կարող է դիտարկվել որպես կառավարության կողմից անհարկի ձգձգում։
- Պարոն Ֆանյան, ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժային գործընթացը հայաստանյան տնտեսության համար։
- Նախագծի չսկսելն արդեն իսկ բացասական անդրադարձ է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Կոնկրետ վճռի կայացումը մի քանի տարվա հարց է լինելու, այն առումով, որ նմանօրինակ գործընթացները, որպես կանոն, տևում են մի քանի տարի։ Որպես կանոն՝ համաձայնություն է ձեռք բերվում օտարերկրյա ներդրողների և կառավարության միջև։ Այսինքն՝ արբիտրաժային որոշակի համաձայնություն է ձեռք բերվում։
Դժվարանում եմ ասել, թե ինչ ծավալի կլինի հայցը կամ կառավարությունն ինչ հակափաստարկներ կներկայացնի։ Եթե Հայաստանի համար ոչ ցանկալի, բացասական որոշում կայացվի, հիմանական բեռը բյուջեի վրա է լինելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ պետության համար աննպաստ որոշում չլինի, բայց պետությունն ինքը պետք է ցանկանա, որպեսզի այդ որոշումը չկայացվի։
Ամեն դեպքում հայցի գումարի մեծության մասին այս պահին խոսելը շատ վաղ է, սակայն ինչպես արդեն ասացի, նախագծի չսկսելը բացասական է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա։ Հայտնի է, որ նախորդ տարվա համեմատ՝ հունվարին ունենք արտահանման տեմպերի անկում, և այս նախագծի սկսելը թույլ կտա անկումն էականորեն զսպել, հնարավոր է՝ նույնիսկ աճ գրանցել։