12/03/2019 12:18
Մոտ ապագայում չեմ տեսնում, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ միասնական արժույթի կարող ենք անցնել. Միքայել Մելքումյան
Միասնական եվրասիական շուկան դեռևս իրականություն չէ, ԱԺ-ում ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
«Դրա մասին շատ է խոսվում, դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց դեռևս չլուծված հարցեր կան, որոնք նաև ԵԱՏՄ հանձնաժողովում են ընդունում։ Պրոբլեմներ կան, որոնք մենք պետք է հաղթահարենք», - ասաց նա։
Մելքումյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրների միջև պիտի ստեղծվի միասնական սոցիալական համակարգ, որպեսզի բացառվեն այնպիսի դեպքերը, երբ ՀՀ-ից քաղաքացիներն արտագաղթում են ՌԴ՝ պնդելով, որ այնտեղ թոշակները բարձր են։
«2023-24 թթ-ին գնալու ենք միասնական սոցիալական միջավայր ստեղծելուն։ Պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունի մեր օրենսդրությունը», - ասաց Մելքումյանը։
Խոսելով ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի մասին՝ Մելքումյանն ասաց, որ գուցե ինչ-որ պահի հնարավոր լինի միասնական արժույթի անցում կատարել, մինչդեռ մոտ ապագայում, ըստ պատգամավորի, նման հեռանկարի մասին խոսելը վաղ է։
«Միասնական արժույթի գաղափարը կարելի է քննարկել, բայց իմ կարծիքով՝ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը։ Մոտ ապագայում չեմ տեսնում, որ միասնական արժույթի կարող ենք անցնել, բայց, օրինակ, եթե մենք գանք կոնսենուսի, որ գազի կամ նավթամթերքի դիմաց ռուսական ռուբլով պետք է վճարենք, կարող ենք գնալ այդ համակարգին», - ասաց նա։