12/03/2019 14:23
Լիդիանի իրավունքն է, որ արբիտրաժ դիմի. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության ֆոնին «Լիդիան Ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը արբիտրաժային գործընթաց սկսի։
«Նման բան, իհարկե, հնարավոր է։ Իրենց իրավունքն է, որ արբիտրաժ դիմեն կամ վիճարկեն այդ ամենը, այդտեղ հակաօրինական որևէ բան չկա։ Կարծում եմ՝ դրանից չպետք է վախենալ, և պետք է անել այն, ինչ պետությունը սովորաբար նման դեպքերում անում է՝ պաշտպանել պետության շահերը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ «Լիդիան Ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերության քայլը չպետք է որևէ մեկին խուճապի մատնի։
«Ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային փորձագետների փորձագիտական գնահատականներ կան, որոնք պետք է օգտագործվեն անաչառ գանհատականներ տալու համար», - ասաց Թաթուլ Մանասերյանը։
Հարցին՝ ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ արբիտրաժային գործընթացը հայաստանյան տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց՝ լուրջ ցնցումներ չի կանխատեսում։
«Ենթադրում եմ՝ բացասական ազդցությունն ի նկատի ունեք։ Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է զարգանա՝ ավելի շատ փորձելով շեշտը դնել վերամշակող արդյունաբերության վրա։ Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, կարծում եմ, որ ուղղակի պատիվ չի բերում մեր երկրին։ Մենք քարե դարի մակարդակի վրա ենք, այսինքն՝ ընդերքում եղած հումքը հանում ենք և արտահանում. ոչ մի նոր արժեք չենք ստեղծում։
Կարծում եմ՝ այս հարցին պետք է առավել գլոբալ նայել, որպեսզի արտադրողականությունն ու մրցունակությունը բարձրացվեն։ Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է ի վիճակի լինենք այդ հումքից գոնե կիսաֆաբրիկատներ ստեղծել, եթե ոչ՝ պատրաստի արտադրանք, որն էլ կարող ենք ոչ միայն ներքին սպառման համար նախատեսել, այլև՝ արտաքին շուկաների», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը երեկ հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK)-ը և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը վերջինիս հետ վեճերի առկայության մասին:
Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն՝ Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: