12/03/2019 14:23
Եթե ամեն ինչ այս հունով գնա, Երևանի կրկեսը կբացվի 2020 թվականին. կրկեսի գլխավոր ինժեներ
Եթե որևէ խնդիր չծագի, ու ամեն ինչ այս հունով գնա, ապա Երևանի կրկեսը հանրության առաջ իր դռները կբացի 2020 թվականին, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը:
«Կրկեսի կառուցման աշխատանքները որևէ պահ կանգ չեն առել, նորմալ հունով ընթանում են: Այս պահին արդեն ներքին ինժեներական աշխատանքներն են կատարվում, կաթսայատուն ենք կառուցում, նաև՝ այգին է բարեկարգվում: Սովորաբար, ես խուսափում եմ բացման հստակ ժամկետ նշել, քանի որ պատահում է՝ չնախատեսված, ոչ ինձանից կախված հարցեր են առաջ գալիս, չէի ցանկանա հետո հանրությունն ինձ մեղադրի: Կարծում եմ՝ այս տարի չենք հասցնի ամբողջությամբ ավարտել, ու եթե նոր անակնկալներ, համակարգն առավել արդիականացնելու պահանջներ առաջ չգան, ապա հավանական է, որ 2020 թվականին Կրկեսը կբացվի», - նշեց մեր զրուցակիցը:
Շինարարության պատասխանատուներն առաջիկայում կրկեսի վերազինման հետ կապված առաջարկի են սպասում, որն առավել արդյունավետ և հագեցած կդարձնի այն:
Հիշեցնենք, որ Aysor.am-ը 2017 թվականի դեկտեմբերին հյուրընկալվել էր նոր կառուցվող կրկեսի շենքում: Շրջայցի ընթացքում մեզ վստահեցրել են՝ նոր կրկեսը իր որոշ լուծումներով տարածաշրջանում միակն է լինելու: Մնում է հուսալ, որ շուրջ 9 տարվա շինարարական աշխատանքներից հետո խոստացվածը կհամապատասխանի իրականությանը: