12/03/2019 15:47
Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։
Նա շեշտեց՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։
Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ տարբերակ է։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։