12/03/2019 14:07
Խախտելով օրենքները կինոյում. Մաննե
Մարտի 13-ին՝ 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կցուցադրվի երիտասարդ կինոռեժիսոր Մաննե-ի երկու վավերագրական - էքսպերիմենտալ Ֆիլմերը:
Երկուսն էլ միջազգային էկրաններ են բարձրացել:
Այն ժանրը, որով առաջնորդվում է ռեժիսորը, առանձնանում է դասական կինոյի օրենքների: Այստեղ ռեժիսորն ունի բոլորովին այլ խնդիրներ:
Մոնտաժային, ինպրեսսիոնիստական կինոերկերը պատմություններ չեն պահանջում: Ըստ Մաննեի՝ սա առավել բարդ է կառուցել: Կինոյի այս տեսակի լեզուն իր առաջ խնդիր է դնում՝ փոխանցել տպավորությունների հոսք, էմոցիաների հոսք, որոնք բացառապես կադրերի օգնությամբ պետք է կառուցվեն: Խոսքը նման ֆիլմերում այդքան մեծ դեր չի խաղում: Մոնտաժը դառնում է այս տեսակ կինոյի մտածելակերպը: Հեղինակը մոնտաժի շնորհիվ ներխուժում է կինո և տեղ հասցնում իր ասելիքը:
«Ադապտացիա» ֆիլմը Երևան քաղաքի դիմանակարն է, որը նաև փիլիսոփայական բնույթ ունի: Մաննեն մտորում է ժամանակի, մարդկության, կյանքի, հիշողության և ներկայի, սոցիալական խնդիրների և ռիթմի մասին: Մոնտաժը տվյալ պարագայում օգնում է հասկանալ այդ ամենը: Հեղինակը իր ֆիլմերի վրա ձեռք բերված փորձը միտում ունի դարձնել իր մագիստրոսական թեզի հիմքը՝ «Ռեֆրեն Դիստանցիայի» մեջ անվանումով: Ըստ նրա, կինոսերները և կինոյով զբաղվող մարդիկ կարող են այդ գիտական աշխատության միջոցով հասկանալ իմպրեսսիոնիստական ֆիլմերի էությունը: Հայաստանում այժմ այս ժանրը, կարելի է ասել, տարածում չունի, չնայած այն մեծ հակադրությանը, որ այս ժանրի մեծ ներկայացուցիչը՝ Արտավազդ Փելեշյանը մեր հայրենակիցն է:
«Ես շատ եմ ուրախանում, երբ իմ ֆիլմերում դիտողը զգում է Փելեշյանի ազդեցությունը: Չէ որ արվեստի ամեն ստեղծագործություն ծնվում է հիացմունքի զգացումից: Ինձ մոտ առաջին հիացմունքը Փելեշյանի կինեմատոգրաֆն է»,-նշում է հեղինակը:
«Ճայը» ֆիլմն առավել շատ է հարուստ էքսպերիմենտներով: Բացի այդ, նրանում նրանում արծարծված թեմաներն առավել գլոբալ են. այստեղ իմպրեսսիաները վերաբերում են երկիր մոլորակին, տիեզերքին, մարդկությանը, թռիչքներին:
«Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է 20 երկրում, ստացել 11 մրցանակ, այդ թվում՝ ՀՀ Նախագահի մրցանակ: Ֆիլմին անդրադարձել են լեգենդար ամսագրեր:
Մաննեն մարտի 13-ին ներկա կգտնվի ցուցադրությանը, որից հետո կլինի քննարկում: