13/03/2019 11:42
Սիրիայում ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը շարունակում է բուժվել սիրիական հոսպիտալում
Սիրիայում աջ ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը դեռևս Հայաստան չի տեղափոխվել։ Նա շարունակում է բուժում ստանալ սիրիական հոսպիտալում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Նրա խոսքով՝ անպուտացիայի ենթարկված հայ մասնագետի առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ Տեղափոխության ժամկետները դեռևս հստակ չեն։
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է վիրավոր մասնագետի փոխարեն Սիրիա այլ սակրավոր ուղարկել, Նազելի Էլբակյանը բացասական պատասխան տվեց։
«Այդ մասին առայժմ խոսք չկա», - ասաց նա։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հայկական մարդասիրական խումբը Սիրիայում շարունակում է բնականոն ռեժիմով աշխատել, որևէ խոչընդոտ մինչ այժմ չի ծագել։
Հիշեցնենք, որ ականային պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տեղեկացմամբ, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: