13/03/2019 13:42
Առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունը համակարգված ձևով Արցախի հարցում ուղերձ հղեց միջազգային հանրությանը. Մարուքյան
Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ էր, նաև կարևորում եմ, որ դա գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով: Երևի թե առաջին անգամ Հայաստանի նոր իշխանությունը համակարգված ձևով Արցախի հարցում ուղերձ հղեց միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: Դրանք ավելի շատ ոչ թե ներքին օգտագործման, այլ արտաքին օգտագործման ուղերձներ էին», - ասաց նա:
Խոսելով Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ Մարուքյանն ասաց, որ բանակցությունների վերսկսման մասով սպասվող հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի: Անդրադառնալով բանակցային սեղան Արցախի վերադարձին՝ պատգամավորն ասաց.
«Չպետք է սպասել, որ ադրբեջանական կողմն ասի՝ դե լավ, որ ասում եք՝ թող գա, բանակցի, այդպես չի լինում: Պետք է միջազգային հանրության հետ մենք աշխատանք տանենք»: