13/03/2019 19:15
Արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից. Արցախի ԱԳ Նախարարը՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին
ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հիմնավորել ենք, թե ինչու Արցախը պիտի մասնակցի բանակցություններին՝ որպես երրորդ կողմ, ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Ինձ թվում է՝ մենք համոզիչ փաստարկներ ենք ներկայացրել», - ասաց նա:
Դիտարկմանն՝ արդյոք քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության այն կետը, որ իրավիճակի փոփոխություն ենթադրող նախապայմաններ չպետք է լինեն՝ հաշվի առնելով, որ դրանց ենթատեքստը Արցախը բանակցություններ վերադարձնելն էր, Մայիլյանն ասաց.
«Հայտարարոթյունը կոնկրետ չի քննարկվել, բայց քանի որ դրանում տարբեր մեսիջներ կան, ընդհանուր խոսակցություն եղել է դրա վերաբերյալ: Խոսակցության մեջ որևէ գնահատական չի տրվել այդ հայտարարությանը»:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից, և արդյոք Արցախում անցկացված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է Փաշինյանին լիազորել Արցախի անունից բանակցել, Մայիլյանն ասաց.
«Հանդիպումները կաևոր են, դրանք պետք է շարունակվեն: Պարոն Փաշինյանն ասել է, որ ինքը պետք է խոսի Հայաստանի անունից, քանի որ Արցախի անունից լիազորված չէ խոսել: Պարոն Փաշինյանը եռակողմ ձևաչափի վերականգման հարցն է քննարելու: Փաշինյանին մանդատ տալու հարց չի քննարկվել»:
Խոսելով համանախագահների հայտարարության այն կետի մասին, որ հակամարտությունը պիտի կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և Արցախի շրջանները պետք է վերադարձվեն Արդբեջանի վերահսկողության ներքո՝ նախարարն ասաց, որ նրանք կրկնել են այն սկզբունքները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է:
«Վերջին տարվա ընթացքում մենք չենք լսել այդ պնդումներն իրենց կողմից, դրա համար մի քիչ տարօրինակ էր, բայց նրանք փորձել են ասել, որ այդ առաջարկները դեռևս բանակցային սեղանի վրա են, բայց մեր վերաբերմունքն այնպիսին է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից», - ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե բանակցային ձևաչափում փոփոխություններ չլինեն և Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ապա առաջընթաց ակնկալել հնարավոր չէ:
ԱՀ ԱԳ նախարարը նկատեց նաև, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չէ, ինչպես դա Ադրբեջանն է փորձում ներկայացնել. «Դրա համար սկսել այս հարցի լուծումը միակողմանի տարածքների զիջումներից անընդունելի է և խեղաթյուրում է հենց համակամարտության իմաստը», - ասաց նա: