13/03/2019 12:15
Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ-ն համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի էր ու չէր բավարարում մեր ժողովրդի պահանջներին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Դա միակողմանի որոշում էր ու մեզ համար այդ հայտարարությունն անընդունելի է», - ասաց Ծառուկյանը:
Խոսելով հայտարարությունից հետո եղած արձագանքների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ հայկական կողմը լիարժեք չի պատասխանել այդ հայտարարությանը:
«Ադրբեջանը ընդունեց ՄԽ համանախագահների հայտարարությունը, մեր մասով լիարժեք պատասխանը չկա: Մենք ու Արցախի ժողովուրդը սպասում էինք, որ լիարժեք շեշտադրում պիտի լինի», - ասաց Ծառուկյանը:
Խոսելով բանակցությունների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ բանակցություններ կարելի է սկսել այն ժամանակ, երբ Արցախի անկախության հարցը կշեշտվի:
«Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Մեր ժողովուրդը Արցախը հենց այնպես չի վեցրել, արյուն է թափվել», - ասաց Ծառուկյանը: