13/03/2019 16:52
Անխուսափելի էր, որ տղաս պետք է հայրիկիս անունը կրեր. ծնվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի որդին
Մարտի 12-ին ժամը 20:05 րոպեին լույս աշխարհ է եկել դերասան Անդրանիկ Հարությունյանի և Մերի Հովհաննիսյանի երկրորդ զավակը: 3 կգ 110 գրամ քաշով և 50 սմ հասակով որդուն դերասանն արդեն տեսել է: Ժպիտով նկատում է՝ չնայած 1 օրական է, բայց արդեն ընդգծված է՝ տղան իրեն է նման:
«Քանի որ մայրս մեր դստրիկին պետք է խնամեր, այսօր էլ դպրոց տաներ, գիշերը ես հիվանդանոցում՝ կնոջս ու տղայիս մոտ եմ մնացել: Ասեմ, որ որդիս, հատկապես ծնոտով, ինձ է նման: Մեր առաջնեկի՝ Էլենի ծնունդից հետո դադարը երկար էր՝ շուրջ 7 տարի, ու հիմա նորից անսովոր զգացողություն ունեմ: Միանշանակ, հպարտ եմ, որ տղա զավակ եմ ունեցել, քանի որ մենք այն երկրում ենք ապրում, որտեղ զինվորի անհրաժեշտություն կա: Համոզված եմ՝ իմ դաստիարակությամբ՝ ուժեղ տղա ու զինվոր կմեծանա», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը:
Ավանդույթի համաձայն՝ բարի լուրից անմիջապես հետո հայկական ուրախ սեղան գցվեց:
«Այն մարդիկ, ովքեր այդ ընթացքում զանգահարել էին ինձ ու իմացել լուրն, անմիջապես հավաքվեցին հիվանդանոցի մոտ: Նշեցինք, մի լավ խմեցինք: Տեղը փոքր էր, նոր մարդիկ էին գալիս, անընդհատ տեղափոխություններ էինք անում», - ասաց նա:
Անդրանիկ Հարությունյանի որդին կրում է հորական պապիկի անունը: Ի սկզբանե էր այդպես որոշված, այդ հարցն ընտանիքում նույնիսկ չի քննարկվել:
«Եղբայրս 3 աղջիկ ունի, իմ առաջնեկն էլ աղջիկ է: Այնպես որ, անխուսափելի էր, որ տղաս պետք է հայրիկիս անունը կրի՝ Գրիշա, ով կշարունակի մեր ազգանունը: Ես ու Մերին որևէ քննարկում կամ տարրաձայնություն այս հարցում չենք ունեցել, երկուսիս կողմից ընտրված ու հաստատված անուն է: Իրականում, հայրս էր դեմ, ասում էր՝ ինչ ուզում եք դրեք, միայն թե իմ անունը մի դրեք փոքրիկին: Բայց ես պնդեցի, որ հենց իր անունը պետք է լինի, ու այդպես էլ եղավ», - ժպիտով պատմեց դերասանը:
6-ամյա քույրիկը նորածին եղբորը դեռ չի տեսել:
«Սպասում եմ՝ դպրոցից տուն գա, ու միասին գնանք հիվանդանոց», - ասում է Անդրանիկ Հարությունյանն ու նկատում.
«Չգիտեմ՝ խանդ կդրսևորի, թե՞ չէ, բայց անհամբեր էր սպասում եղբորը: Երեկ հիվանդանոց գնալուց ասաց՝ գնում եք ապերիկին տուն բերե՞ք»:
Մերին ու փոքրիկը տանը կլինեն վաղը: Ընտանիքի նոր անդամին դիմավորելու համար արդեն բոլոր գնումները կատարված են: Իսկ թե ի՞նչ անակնկալով կդիմավորի կնոջը՝ դերասանը կատակեց.
«Էն, որ ես կամ Մերիի կյանքում, արդեն իսկ անակնկալ է»:
Aysor.am-ը շնորհավորում է Անդրանիկ Հարությունյանին ու Մերի Հովհաննիսյանին, փոքրիկ Գրիշային էլ մաղթում ենք անհոգ ու գեղեցիկ մանկություն: