14/03/2019 13:16
Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի փորձերն անընդունելի են. Իլհամ Ալիև
Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է», - ասել է Ի. Ալիևը:
Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:
«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: