14/03/2019 09:50
Մենք շնորհակալ ենք, որ պարոն Փաշինյանը Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու թեման ակտուալ է դարձրել. Արցախցի պատգամավոր (Տեսանյութ)
Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի համար նորություն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
«Միսկի խմբի համանաագահները շատ հաճախ են նման սյուրպրիզներ մատուցում: Այս անգամ առավել ևս: Այն հայտարարությունը, որը ՄԽ համանախագահներն արեցին Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, նորություն չէ և մենք միշտ էլ պատրաստ ենք լսելու այս երեք սկզբունքների մասին», Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի պատգամավորը:
Այդուհանդերձ, արցախցի պատգամավորը ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ տարրեր տեսնում է և դա այն է, որ օտարերկրյա դիվանագետները մերժում են վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին:
«Նրանք համառորեն փորձ են կատարում ժխտել պարոն Փաշինյանի այն ցանկությունը, որ Արցախը վերադառնա բանակցությունների գործընթաց, սա իհարկե, մեսիջ է, որ Արցախը չի ընդունվում ՄԽ համանախագահների կողմից որպես բանակցային կողմ: Սա գալիս է Ադրբեջանից. ցանկացած առաջարկ մերժվում է այդ երկրի կողմից: Բայց ես չեմ կասկածում, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Արցախը շահագրգիռ են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Ես չեմ գտնում, որ որևէ մեկ պետություն ցանկություն ունի պատերազմելու, առավել ևս այն պետությունները, որոնք անցել են պատերազմի միջով և այդ դաժանության համը տեսել են», - կարծում է արցախցի պատգամավորը:
Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվ շրջանառվող տարածքներ խաղաղության դիմաց թեզին՝ Արզիկ Մխիթարյանը նկատեց, որ նման բովանդակությամբ փաստաթղթի մասին իրենք տեղյակ չեն: Ավելին, դա անընդունելի է արցախցիների համար, քանի որ Արցախը չի եղել պատերազմը հրահրողը:
«Մեզ մատուցվել է պատերազմ, այդ պատերազմը մեզ մատուցել է Ադրբեջանը: Մենք տարածքներ չենք գրավել, այդ տարածքները մեր անվտանգության գոտին են, և այսօր թվացյալ հենց այնպես ասվող բառերի, որ Արցախը խաղաղության դիմաց պետք է անվտանգության գոտի նվիրի Ադրբեջանին, կարծում եմ, սա ընդունելի տարբերակ չէ», - նշում է Մխիթարյանը:
Հարցին, թե արդյոք հապշտապ չէր Փաշինյանի ցանկությունը ձևաչափի փոփոխելու ու Արցախին բանակցային կողմ դարձնելու մասին, պատգամավորը արձագանքեց. «Ընդհակառակը, դուք մի կարծեք, թե դա նորություն չէր: Տարիներ շարունակ, երբ մենք դադարել էինք լինել բանակցային կողմ, մենք անընդհատ շեշտում էինք, որ չի կարող ինչ-որ մի տեղ մի վճիռ կայացվի մի ժողովրդի ճակատագրի մասին, որը դրանից տեղյակ չլինի: Մենք շատ վաղուց էինք պահանջում: Մենք շնորհակալ ենք, որ պարոն Փաշինյանը դա ակտուալ է դարձրել ու ավելի շատ է խոսում այն մասին, որ ինքը լիազորված չէ Արցախի անունից որոշումներ կայացնել: Չնայած ես գտնում եմ, որ մենք այդ լիազորությունը` թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, հանձնել ենք Հայաստանին, որովհետև մենք չճանաչված պետություն ենք ու չունենք այն գործիքակազմը, որը կներկայացնենք աշխարհին: Մենք լիազորում ենք Հայաստանին, մենք վաղուց լիազորել ենք, որ մեր անունից բանակցություններն ընթանան՝ համոզված լինելով, որ այդ վճիռները չեն կարող ոչ հայանպաստ լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում::