14/03/2019 14:41
Նման որոշում ընդունելու դեպքում շուկայում մնալու են միայն մեծ խաղացողները. ցուցարար
Հայաստանում գործող գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը և արտաժույթի փոխանակման կետերի շահերը ներկայացնող Արամայիս Սարգսյանն այսօր հանդիպել են ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ներկայացրել պետական տուրքի բարձրացման վերաբերյալ իրենց բոլոր առարկությունները։
«Լսեց, խոստացավ քննարկումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հարկ եղած դեպքում կզեկուցի նաև վարչապետին։ Պայմանավորվեցինք, որ մինչև երկուշաբթի օրը մեզ տեղյակ կպահի կայացված որոշումների մասին։ Վարչապետի օգնականն ասաց, որ երկրորդ կողմին էլ պետք է լսի, ծանոթանա խնդրին», - ասաց Մհեր Գևորգյանը։
Նա չբացառեց, որ պետտուրքի չափը բարձրացնելով՝ պետությունը նպատակ ունի նվազեցնել գործող գրավատների թիվը՝ նպաստելու բանկերի գործունեությանը։
«Նման որոշում ընդունելու դեպքում շուկայում մնալու են միայն մեծ խաղացողները», - փաստեց Մհեր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ գրավատների և արտաժույթի փոխանակման կետերի աշխատակիցներն այսօր կրկին կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին իրականացնում։