15/03/2019 15:35
Միջազգային ներդրող Ռոբերտ Բասսիլին Հայաստանում ֆինանսական ճգնաժամ է կանխատեսում
Ռոբերտ Բասիլին հայկական արմատներով ավստրալացի բիզնեսմեն է, ներդրող։ Լինելով Ramsis Capital ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի անդամ՝ Բասիլիի բիզնես հետաքրքրությունները վերջին տարիներին ներկայացված են եղել Ուկրաինայում։ Այժմ նա Հայաստանում է և ուսումնասիրում է հայկական շուկան՝ ներդրում անելու նպատակով։ Aysor.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր տեսակետը Հայաստանի տնտեսության և ներդրումային հնարավորությունների մասին։
- Պարոն Բասիլի, Ձեր վերջին ելույթներից մեկում Դուք կանխատեսել եք ֆինանսական ճգնաժամ․ դա Հայաստանի՞ն է վերաբերում, թե՞ խոսքը գլոբալ ճգնաժամի մասին է։ Դուք նաև կանխատեսել եք դրամի արժեզրկում, ինչո՞ւ։
- 2007թ-ին ֆինանսական ճգնաժամ եղավ, որովհետև աշխարհում չափազանց մեծացել էր պարտքի ծավալը։ Այժմ՝ 10 տարի անց, գլոբալ պարտքը նոմինալ արժեքով հասել է 184 տրիլիոն դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Դա կազմում է 2017թ-ի համաշխարհային ՀՆԱ-ի 225 տոկոսը։ Ուստի արժի նախապատրաստվել և մոտ կես տարուց ակնկալել ֆինանսական ցնցումներ և ճգնաժամ, որի ընթացքում ամերիկյան դոլարը կդառնա կայունության կղզի, ինչն ավտոմատ կերպով կարժեզրկի հայկական դրամը։ Ներկա դրությամբ, կարծում եմ, դոլար-դրամ փոխարժեքը կկազմի 520 դրամ 1 դոլարի դիմաց։
- Դուք հետաքրքրված եք հայկական շուկայով ու ներդրումային ծրագրեր ունեք։ Կասե՞ք՝ որ ոլորտում եք պատրաստվում ներդրում կատարել։
- Ներկա պահին ես ուսումնասիրում եմ տարբեր հնարավորություններ։ Մեր ներդրումային թեզը շատ ճշգրիտ ու հստակ է։ Մենք նախընտրում ենք բիզնեսի այն տեսակը, որը պարզ է, կանխատեսելի, միաժամանակ իր ոլորտում գերիշխող, որտեղ հնարավոր է գեներացնել կանխիկ ազատ դրամական միջոցների հոսք։ Մենք փորձում ենք ձեռք բերել բիզնես իր արժեքից ավելի էժան գնով, իսկ դա կարող է պայմանավորված լինել տվյալ ձեռնարկությունում առկա ռազմավարական, մենեջմենթի հետ կապված, ծախսերի կառուցվածքի ու թաքնված ակտիվներով պայմանավորված խնդիրներով։
- Դուք նշում եք, թե ցանկանում եք ազատ շուկայական մենաշնորհ ստեղծել։ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարել է, թե պայքարելու է շուկայում մենաշնորհային բոլոր դրսևորումների դեմ։ Սա չի՞ հակադրվում Ձեր նպատակներին։
- Գլոբալ առումով բիզնեսը կարելի է դասակարգել երկու հիմնական կատեգորիաների մեջ․ մրցակցային բիզնես և ազատ շուկայական մենաշնորհ։ Հայտնի է, որ մրցակցային բիզնեսը եկամուտ չի բերում ու վերջնական արդյունքում սննկանում է։ Որպես գլոբալ ներդրող՝ ես և իմ թիմը նպատակ ունենք հիմնել ազատ շուկայական մենաշնորհ: Այդպիսի ընկերություններ են Facebook-ը, Uber-ը, McDonalds-ը, Coca-Cola-ն, Apple-ը, Microsoft-ը, ուստի այն, ինչի մասին մենք խոսում են, առանձնահատուկ և հակասական բան չէ, այն պարզ իրողություն է։ Ազատ շուկայական մենաշնորհների սոցիալական ազդեցությունը խոսակցության այլ թեմա է, և սա մի բան է, որը մշտապես ձգտում ենք իրագործել։
- Դուք արտասահմանյան ներդրող եք, ով աշխատել է Ուկրաինայում, Եգիպտոսում և Արևելյան Եվրոպայում։ Ինչու՞ եք ընտրել Հայաստանն ու ինչու եք հետաքրքրված բազմաթիվ խնդիրներ ունեցող հայաստանյան շուկայով։
- Հայաստանում վերջերս հեղափոխություն է եղել, տեղի է ունեցել քաղաքականության վերափոխում, կատարվել են ռեֆորմներ, ուստի ես հավատում եմ, որ այս իրավիճակում երկրում առկա է մարդկային կապիտալի և ներդրումային մեծ ներուժ։ Մեր որոշումները հիմնված են այն մտայնության վրա՝ արդյոք կարող ենք մեծացնել պոտենցիալ ներդրումի արժեքը, և սա ներառում է բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ աշխատակիցներին։
- Առաջին անգամ Հայաստան այցելել եք 2018-ի փետրվարին։ Մեկ տարում Հայաստանում եղել են մեծ փոփոխություններ․որպես ներդրող՝ ի՞նչ եք կարծում, ավելի հեշտ էր Հայաստանում ներդրում կատարել նախկինու՞մ, թե՞ այսօր։ Ի՞նչ չլուծված խնդիրներ դեռ կան։
- Այո, ես տեսնում եմ որոշ փոփոխություններ, և բիզնես շրջանակներում նկատելի վստահության աճ ու դինամիկա։ Ես անկասկած հավատում եմ, որ տնտեսությունն ու քաղաքացիները բարգավաճելու են։ Միայն ժողովրդավարությունը բավական չէ․ կառավարությունը բիզնեսի և ներդրողների համայնքի հետ միասին պետք է աջակցի փոքր և միջին ձեռնարկատիրությունը։
Ցանկացած հարուստ ու զարգացած պետությունում կա ՓՄՁ-ի շատ ամուր ու կայացած սեկտոր։ Ուստի իմ կարծիքով հենց սա է ամենամեծ մարտահրավերն ու հնարավորությունը։ Հայաստանում բնականաբար կան նաև ռիսկեր, ինչպես օրինակ կոռուպցիան, օլիգարխիկ համակարգը, արդարադատության համակարգի թերզարգացվածությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունը՝ փակ սահմաններով հանդերձ։ Անհրաժեշտ է լուծում գտնել այս խնդիրներին։