15/03/2019 18:56
Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա. նրան այցելել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին, տեղեկացնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչ Մոսկվա տեղափոխվելը հայ սակրավորը բուժում էր ստանում սիրիական հոսպիտալում։
Հիշեցնենք, որ ականային պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին: Պատահարի պատճառ էր հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել էր հոսպիտալ, վիրահատվել էր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: