15/03/2019 16:17
Ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու. ՀՀ արտգործնախարար
Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ինսիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները։ Իրենք ունեն ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգայի հանրության կողմից։ Իրենք, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այդ ընտրազանգվածը ՀՀ վարչապետին չի ընտրել։ Նորից նույն հարցն է, որի մասին մենք խոսել ենք բավական ընդարձակ», - ասաց նա։
Անդրադառնալով օրեր առաջ Ստեփանակերտում կայացած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Արցախի իշխանությունների հետ առկա են աշխատելու այլ ձևաչափեր։
«Բնական է՝ շարունակելու ենք աշխատել։ Հայաստանն ամենն անելու է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը և զարգացումը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր հերթին պետք է կարողանա կիրառել խաղաղության գործընթացին նպաստող լեզու։
Զոհրաբ Մնացալկանյանի խոսքով՝ ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու։