15/03/2019 11:05
Ռիսկերը դեռևս մեծ են. Ինչու է Ռուսաստանից Վրաստան ներդրումների ծավալը գերազանցում Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը
Տնտեսական համագործակցության բնագավառում Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական հակասությունները երկրորդ պլան են մղվել և բիզեսի շահերից ելնելով՝ ակտիվ համագործակցություն է ծավալվում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ 2018-ի տվյալներով Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից:
Նրա խոսքով, երկու տարբեր երկրների միջև տնտեսական քաղաքականությունը, ներդրումները մեծապես պայմանավորված են քաղաքական մոտեցումներով, և ակնհայտ է, որ քաղաքական վիճելի հարցերը որոշակի բացասական ազդեցություն են ունենում տնտեսական հարաբերությունների վրա, սակայն Ռուսաստանի և Վրաստանի պարագայում իրողությունն այլ է։
«Կան գործունեության տեսակներ, որոնք, ըստ էության, հաղթահարվում են, այսինքն՝ քաղաքական հակասություններն այդքան էլ չեն կարևորվում։ Եթե Ռուսաստանը Վրաստանում ներդրումային գործունեություն է իրականացնում, դա նշանակում է, որ գործարքը ձեռնտու է երկու կողմերին էլ», - ասաց Վարդան Բոստանջյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ռազմավարական դաշնակից Հայաստանում Ռուսաստանը պակաս չափով ներդրումներ է կատարում, և ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը՝ շտկելու իրավիճակը, տնտեսագետը նկատեց՝ գործարար միջավայրում վստահության մթնոլորտն էապես պետք է բարելավվի։
«Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնելու համար ռիսկերը դեռևս մեծ են։ Այդպիսի գործունեությունը պահանջում է երաշխիքների մեծ համակարգ, իրավական ամրակուռ հիմքեր, ինստիտուցիոնալ համապատասխան մեխանիզմներ։ Եթե դրանք չկան, եղբայրը եղբոր մոտ ներդրումային գործունեություն չի իրականացնի։ Դա ոչ թե «նեղացածության» հարց է, այլ պարզապես ներդրումներ կատարողը հետագայում շահույթ ստանալու համար երաշխիքներ պետք է ունենա։ Այլ կերպ ասած՝ ռիսկերի շեմ կա, կան գործունեության տեսակներ, որոնք փոխշահավետ պետք է լինեն բոլոր կողմերին», - ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Բոստանջյանի խոսքով, ներդրումային դաշտում Հայաստանում խնդրներ ծագում են մի շարք պատճառներով՝ փոքր շուկա, ռեսուրսների սղություն, իրավական ոչ լիարժեք հիմքեր։ Այս և մի շարք այլ գործոններ ներդրողների մոտ լրացուցիչ ռիսկեր են առաջացնում, և մեր խնդիրն է չեզոքացնել դրանք։
«Իշխանափոխության պարագայում մեր երկրում լավ նախադրյալներ կան, սակայն դրանք պետք է կենսագործել։ Ներդրողը պետք է համոզվածություն ունենա, իսկ դա, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է պահանջում», - ամփոփեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Ընդ որում, անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում: