15/03/2019 10:12
«Իրատես». ԱԺ ղեկավարության ինչի՞ն է պետք գրադարանը
«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանությունը քանդելու, ավերելու հատուկ մոլուցք ունի։ Այն, ինչ կապված է նախկինների հետ, նորերի թշնամին է։ Փոփոխություններ անհրաժեշտ են ու պարտադիր, բայց խելամտության սահմաններում։ Պարզեցինք, որ մշակույթի նախարարությունն այնքան էլ կարևոր չէ, և ինչպես վարչապետն էր ասում, եթե մի քանի ամիս գործադուլ անեն, ոչ ոք չի էլ նկատի։
Հերթն այսօր գրադարանինն է, այն էլ՝ ԱԺ-ի։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է գրադարանը, որ բոլոր ղեկավարների ժամանակ իր կայուն, կենտրոնական տեղն ուներ շենքում, իջեցնել նկուղային հարկ` բոլորի աչքից հեռու։ 1950 թվականին կառուցված ԱԺ-ի շենքն ի՞նչ իմանար, որ մի օր իր գրադարանն այնքան անկարևոր է ու երկրորդական բան կդառնա, որ, երիտասարդ ղեկավարների անմիտ որոշմամբ, «կծվարի» շենքի հեռավոր անկյուններից մեկում։ Իսկ նոր «հասցե» հասնելու համար աստիճաններով պիտի իջնել-իջնել ու պեղել, թե որտեղ է, ի վերջո, այդ գրադարանը։ Այդքան գրքերի, տեխնիկայի, պահոցների տեղափոխման նպատակը ո՞րն է, ի՞նչ առավել կարևոր բաժին պետք է գրավի նախկին գրադարանի տեղը։
Տեսնես ԱԺ նախկին ղեկավարներից մեկի մտքով ինչո՞ւ երբևէ չի անցել գրադարանը տեղահան անել. չեն ցանկացել առաջին հերթին գրքի հետ այդպես վարվել։ Գրադարանը նաև մշակութային յուրահատուկ կոլորիտ է ստեղծում, փաստորեն, դրանից էլ են փորձում ազատվել։ Դե, մշակույթը նրանց մեջ է։ Գրադարանի հանդեպ այսպիսի վերաբերմունք ունեն, բայց Շիրազ ու Կապուտիկյան են «լայվով» արտասանում, փողոցում գրքեր բաժանում։ Այս ծուռ հայելիների աշխարհում Հայաստանը որքա՞ն կկարողանա ոտքի վրա մնալ։
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի ղեկավարից փորձեցինք պարզել, թե որ վարչությունը կամ բաժինը պետք է զբաղեցնի գրադարանի տեղը, և ո՜վ զարմանք, ասացին՝ դեռ պարզ չէ։ Փաստորեն, մարդկանց իրենց աշխատասենյակից հանում են հենց այնպե՞ս, քմահաճորե՞ն։ Այս ոչինչ չասող պատասխանը փաստում է մեկ բան` գրադարանի ընդարձակ սենյակը նվիրում են մեկին, որի անվան շուրջ չեն ցանկանում աղմուկ բարձրանա»: