15/03/2019 15:52
Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու. Զոհրաբ Մնացականյան
Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այստեղ հարցը վերաբերում է պրագմատիկ, սկզբունքային հարցին՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Սա նորություն չէ։ Դրան զուգահեռ, որպեսզի արդյունավետ աշխատենք բանակցային պրոցեսի ուղղությամբ, պետք է ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ կարողանանք բանակցային գործընթացում արդյունավետ աշխատել։
Մենք այսօր բանակցում ենք և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի հետ։ Այդ առումով ավելի արդյունավետ է, երբ մենք կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել բանակցային գործընթացի համապարփակությունը։ Սա սկզբունքային հարց է, սա նախապայման չէ», - ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։