15/03/2019 14:03
Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ)
Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։
- Պարոն Բալասանյան, Ադրբեջանն այժմ զորավարժություններ է անցկացնում, և Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ միջազգային որոշ սկզբունքների, պայմանավորվածությունների խախտում է: Դուք մտահոգություններ ունե՞ք:
- Ընդհանրապես, մտահոգություններ եղել են բոլոր ժամանակներում` սկսած 1994 թվականի մայիսից: Մենք պարբերաբար տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտվում է: Իհարկե մտահոգություններ, մտավախություններ կան: Բայց այնպես չէ, որ զորավարժությունների ֆոնին մենք ունենանք մտավախություն, որ Ադրբեջանը կարճ ժամանակում կսկսի հարձակողական մարտ վարել: Դա ըստ պլանի է՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են զորավարժություններ, մարզումներ։ Նույնը կատարում է մեր Պաշտպանության բանակը, նույնը կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:
- Այսինքն խնդիր չէ, զորավարժությունները չեն կարող վերածվել ռազմական գործողությունների:
- Ցանկացած պահին մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև զորավարժությունների անվան տակ կարող է սկսեն լայնածավալ հարձակողական մարտ։ Բայց մենք պատրաստ ենք, մենք զգոն ենք:
- Պարոն Բալասանյան, երկու երկրների Անվտանգության խորհուրդների նիստ տեղի ունեցավ, դուք ի՞նչ տպավորություններ ստացաք այդ նիստից, ի՞նչ պարզեցիք Ձեզ համար, նիստի արդյունքներով ի՞նչ վերջնական արդյունք կարող եք նշել:
- Նախ ասեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հրավիրվում էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչները` նախագահի մակարդակով: Բայց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այնպես չէ, որ այն կապված էր Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Դեռևս անցյալ տարի էր Հայաստանի վարչապետը այդ ծրագրի մասին խոսել Արցախի նախագահի հետ և երկուստեք տվել էին իրենց համաձայնությունը:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարբեր հարցեր, նորից եմ կրկնում այդ նիստը կապված չէր Ադրբեջանի զորավարժությունների, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ: Մեկ աշխատանքային օր նվիրել ենք նիստին: Նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, թե միջպետական պայմանագրի շրջանակներում, թե բոլոր ոլորտներում համագործակցությունը: Մենք բավարարվածություն ստացանք, երկու կողմերից էլ հնչել են տարբեր հարցեր, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ:
Այն հարցերը, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, տրվել են հանձնարարականներ, ընդհուպ կարճ ժամկետներում ստեղծելու ենք տարբեր աշխատանքային խմբեր` գյուղատնտեսության, զինված ուժերի, իրավական ոլորտներում: Կարճ ժամանակում փորձելու ենք ի մի բերել, վերլուծել ու առաջարկություններ կներկայացնենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդներին, որից հետո կտրվեն համապատասխան լուծումներ: Համոզված եմ՝ այդ հարցերը շատ կարճ ժամանակներում կստանան շատ լուրջ պատասխաններ:
- Նույն նիստում վարչապետը նորից պնդեց իր նախկին հայտարարությունը և փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում: Դա ձեր կարծիքով բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞:
- Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց:
Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ:
Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար:
- Խաղաղության պայմանագիր երեք երկրների միջև՞։
- Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը:
- Պարոն Բալասանյան, միամիտ կլինի կարծել, որ Ադրբեջանը հեշտորեն կհամաձայնի այս իրավիճակին, այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ելքը:
- Գիտեք, Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չի եղել: Ես Ադրբեջանի ժողովրդին թշնամի չեմ համարում, որովհետև Ադրբեջանում ապրում են մեկ կամ մի քանի տասնյակից ավելի ազգություններ: Տեսեք, 18-20 թվականներից հետո իրեն ինտերնացիոնալ հայտարարած Բաքվի իշխանությունը բոլոր ազգային ինքնություններին` լեզգիներին, թալիշներին, վերացնում, ոտնակոխում էր: Երևի եթե 1988-ի շարժումը չլիներ, Վիտալի Միքայելի Բալասանյանի ազգությունը կլիներ ադրբեջանցի: Համոզված եմ: Այն քայլերը, որ այսօր Ադրբեջանի իշխանությունը ներսում կատարում է, մենք տեսնում ենք, որ ուրիշ ճանապարհ են տանում:
- Հիմա կարելի՞ է եզրակացնել, որ Արցախի իշխանությունները Անվտանգության խորհրդի նիստում տվեցին մանդատ Փաշինյանին, որ նա գնա և Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկայացնի ձեր տեսակետը, սկսեն եռակողմ բանակցություններ:
- Միանշանակ, միանշանակ: Մենք նիստում երկուստեք` ի դեմս Հայաստանի, Արցախի առաջին դեմքերի, լիազորել ենք, որ արցախյան կողմը մասնակցի որպես լիիրավ կողմ, որպես բանակցային գործընթացի սուբյեկտ: Մենք լսեցինք՝ վարչապետը հայտարարեց, որ Արցախում ապրող ժողովուրդը քվե չի տվել իրեն և եթե քվե չի տվել՝ ի՞նչ իրավունքով է ինքը խոսելու արցախցու անունից: Նա շատ ճիշտ մեկնաբանություն է արել:
- Ո՞ւմ եք տեսնում Արցախի ներկայացուցչին բանակցություններում: Արցախի նախագա՞հն է լինելու:
- Իհարկե, միանշանակ: Կամ Արցախի հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել նշանակել բանագնաց, բայց նա պետք է դիտարկվի որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ:
- Անկախ անձերի՞ց, կապ չունի՞ ով:
- Ոչ, կապ չունի։