15/03/2019 18:16
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա: Արարատ Միրզոյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է անցյալ տարվա հուլիսին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի այցը Հայաստան, որը նոր լիցք է հաղորդել հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին: Ըստ նրա` նման այցերը նպաստում են երկկողմ կապերի խորացմանն ու աշխուժացմանը:
Միջխորհդարանական կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում առաջիկայում կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբ եւ նրանց միջեւ կհաստատվեն գործընկերային ամուր կապեր:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում իտալացի խորհրդարանականների մասնակցության համար:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իտալացի գործընկերներն աջակցություն կցուցաբերեն Իտալիայի խորհրդարանում հնարավորինս կարճ ժամկետում փաստաթուղթը վավերացնելու գործում:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձամբ դեսպանի ծավալած գործունեությունը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման ու բարօրության:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները:
Վինչենցո դել Մոնակոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համաձայնել, որ երկկողմ հարաբերությունները հենվում են բազմադարյա ավանդույթների վրա: «Իտալիան այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ձեւավորվել է շատ վաղ ժամանակներից», - ասել է դեսպանը:
Նա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առաջմղման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: ՀՀ-ԵՄ համաձայնագրի առնչությամբ դեսպանը նշել է, որ վավերացման համար որեւէ խոչընդոտ չկա, այն իրականացվում է ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան: