15/03/2019 14:27
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան
Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի ԱԳ նախարարի՝ սկզբունքների հնացած լինելու մասին հայտարարությունը չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին։
«Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է», - ասաց բարձրաստիճան պաշտոնյան։
Զոհրաբ Մնացականյանը միաժամանակ նկատեց՝եթե մենք սկզբունքները դիտարկում ենք շրջանակ, որի մեջ աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել դա։
ՀՀ արտգործնախարարի խոսքով, եթե այդ շրջանակում կա պարտավորութությունների համադրման անհավասարություն, և սպասվում է, որ մի կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։
«Չի կարող լինել նման երևույթ, նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա պարզ չի աշխատելու՝ անկած նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։