15/03/2019 12:14
ՀՀ կառավարության հետ «Լիդիան»-ի հայտարարած վեճի առկայությունը ազդանշան է հատկապես խոշոր ներդրողների համար. Ալեքսանդր Խաչատուրյան
«Լիդիան Ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունն օրերս հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK)-ը և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը վերջինիս հետ վեճերի առկայության մասին:
Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն՝ Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Ալեքսանդր Խաչատուրյանի հետ։
- Պարոն Խաչատուրյան, ստեղծված իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք, որ արբիտրաժային գործընթաց սկսվի։
- Իհարկե կարող է։ Ես ենթադրում եմ, որ ընկերությունը նմանատիպ հայտարարություն չէր անի, եթե շատ լուրջ չդիտարկեր այդ հնարավորությունը։ Պետք է հիշել, որ «Լիդիանը» ցուցարկված ընկերություն է, և նրա ցանկացած գործողություն, քայլ և հայտարարություն ազդում է բաժնետոմսերի արժեքի վրա։ Մենք պետք է հասկանանք, որ երբ գործ ունես ցուցարկված ընկերության հետ, չեմ կարծում, որ դա կարող է միայն մանևր լինի։ Մենք չպետք է մտածենք, որ դա ընդամենը տակտիկական մանևր է։
- Պարոն Խաչատուրյան, ի՞նչ հետևանքներ կունենա արբիտրաժային գործընթացը հայաստանյան տնտեսության համար։
- Ակնհայտ է, որ հայտարարությունից տառացիորեն մի քանի օր առաջ «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը հրապարակման մեջ արդեն ասել է, այսինքն՝ առանձին ֆիքսել է «Լիդիանի» խնդիրը, մի քանի երկրի դեսպան դրա մասին նշել են, որովհետև դա ազդանշան է հատկապես խոշոր ներդրողների համար։ Սրան անդրադառնալու են խոշոր ներդրողները։
Պետք է մի բան իմանալ. եթե փորձենք մի փոքր խորանալ նրա մեջ, թե ինչպես են խոշոր ներդրողները որոշում կայացնում գալ ինչ-որ երկիր և ներդրում անել, կհասկանանք, որ այնտեղ մարդիկ կան, որոնք զբաղվում են երկրի ռիսկի գնահատմամբ։ Այսինքն՝ երբ որևէ խոշոր ընկերության խորհուրդ որոշում է կայացնում գալ Հայաստան և ներդրում անել, նա ունի ներքին և արտաքին խորհրդատուներ, որոնք գնահատում են երկրի ռիսկը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական։
Այդ մարդիկ հայկական պատրիոտիզմով բացարձակապես չեն տառապում։ Նրանք շատ օբյեկտիվ կարդում են վարկանիշային փաստաթղթերը և եզրակացություն կազմում։ Այդ եզրակացության մեջ, անշուշտ, նշելու են այն մասին, որ 300-400 միլինի ներդրում կատարած ցուցարկված ընկերությունը հայտարարում է ՀՀ կառավարության հետ վեճի մասին։ Իհարկե, փոքր և միջին ներդրողների որոշումների վրա սա չի ազդելու, քանի որ նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում տնտեսության ընդհանուր վիճակի, սպառման ծավալների վրա։
Հիմա շատ կարևոր պահ է այն տեսանկյունից, որ պետք է շատ սթափ գնահատել իրավիճակը, բոլոր պլյուսներն ու մինուսները։ Կառավարությունը պետք է որոշում կայացնի, թե ինչ է անում՝ ընդունում, թե մերժում է վեճը, նստո՞ւմ է բանակցությունների և այլն։