15/03/2019 15:27
Նարեկ Մալյանին առնչվող քրեական գործով Դավիթ Պետրոսյանին ու Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել
«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ նրանք մեղադրյալներ են՝ ՀՀ ՔՕ֊ի 34-131 հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռեստարտի» անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանին ուժով փորձել էին տանել, ու իրենց խոսքով, նետել աղբարկղը։ Մալյանն իր հերթին հայտարարել էր, որ շուրջ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել էին ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։
Սկզբում քրեական գործը հարուցվել էր խուլիգանության հատկանիշներով, սակայն հետո այն վերաորակվել էր։
Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։