15/03/2019 15:10
Հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը հանդես կգա Հայաստանում
ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Հայաստանում: Ապրիլի 5-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում վոկալիստը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:
Նշենք, որ Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ.: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել «The Count Basie Orchestra»-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:
Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:
Ջեյմի Դեվիսի երկացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները:
Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս: