16/03/2019 14:46
Հարցի լուծում հնարավոր է այն ժամանակ, երբ Բաքուն անմիջականորեն խոսի Ստեփանակերտի հետ. Հայկ Խանումյան (Տեսանյութ)
Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների նիստից հետո դրա արդյունքների ու հիմնախնդրի լուծման հետագա ընթացքի շուրջ Aysor.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի հետ։
- Պարոն Խանումյան, Ստեփանակերտում օրերս տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների նիստը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ աննախադեպ էր։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
- Կարծում եմ, որ Ստեփանակերտում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելը տեղավորվում է Փաշինյանի հայտարարած Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու բաղադրիչներից մեկը։ Դրա մեջ արտառոց բան չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է նիստում արված հայտարարություններին, ապա կարող ենք փաստել, որ Փաշինյանը հաստատակամ է Արցախը բանակցային կողմ վերադարձնելու իր խոստմանը և գտնում է, որ 94 թվականին բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված ձևաչափը պետք է վերականգնվի։ Ներկայիս խեղված ձևաչափը իրեն չի արդարացնում։ Տրամաբանական է, որ հարցի լուծում հնարավոր է այն ժամանակ, երբ Բաքուն անմիջականորեն խոսի Ստեփանակերտի հետ։ Ընդհանրապես, հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հարցում որևէ առաջընթաց ունեցել ենք այն ժամանակ, երբ Բաքուն ու Ստեփանակերտը անմիջականորեն խոսել են իրար հետ։
- Պարոն Խանումյան, ՄԽ համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ կոչ արեցին, որ ձևաչափի փոփոխություններից զերծ մնան կողմերը, բայց Փաշինյանը, փաստորեն, ԱԽ-երի համատեղ նիստում պնդեց իր առաջարկությունը։ Ի՞նչ եք կարծում, դա առճակատման չի՞ բերի։
- Չէ, Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ ձևաչափի փոփոխությունները պետք է բոլոր կողմերի համաձայնությամբ տեղի ունենա և ընդամենը կոչ էին անում, որ մյուս կողմերի հետ այդ թեմայի շուրջ խոսեն։ Միգուցե այդ թեմայի մասին Ալիևն ու Փաշինյանը կխոսեն, նրանք միևնույն ժամանակ կոչ են անում Ադրբեջանին զերծ մնալ պատերազմի շանտաժից։ Այսինքն՝ երկու կողմին էլ անընդհատ փորձում են ինչ-որ բան անել՝ անընդհատ հավասարակշռություն դնելով։ Դա նորմալ է, քանզի միջնորդական առաքելություն են իրականացնում, որը մեծ հաշվով տեխնիկական գործ է։
- Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը՝ հուշագիր ստորագրելո՞վ։
- Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը երբևէ կհամաձայնի դրան։ Այսօր կողմերը բավականին հեռու են լուծման հասնելու որևէ տարբերակից։
- Ոչնչի շո՞ւրջ է ընթանում պրոցեսը։
- Համենայնդեպս, կողմերը փորձելու են ցույց տալ, որ իրենք պատրաստ են բանակցությունների ու կառուցողական են։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ Արդբեջանը երբեք չի համաձայնելու ձևաչափի վերականգնմանը, այսինքն՝ Արցախի մասնակցությանը։ Դրան նույնիսկ Ադրբեջանը չի գնալու, հատկապես այսօր։ Հայաստանն էլ կարող է մեղադրել Ադրբեջանին ապակառուցողական լինելու մեջ։
- Եվ հարցը գնում է փակուղի։
- Հարցը փակուղում է ի սկզբանե։ Հարցի լուծում բանակցային ճանապարհով գոյություն չունի, քանզի երեք կողմերի տեսակետները բավականին հեռու են. Ադրբեջանն ուզում է ամեն ինչ, մենք պատրաստ չենք փոքր-ինչ բան զիջելու։ Հետևաբար, նման պարագայում հարցի լուծում բանակցային ճանապարհով լինել չի կարող։ Մենք պետք է մտածենք հարցը մեր օգտին լուծելու մասին։ Բնականաբար, կարևորագույն խնդիրը թերբնակեցված շրջանների բնակեցումն է, որովհետև թե պատերազմի, թե 70 տարիների քաղաքականության հետևանքով Արցախի բնակչությունը չի ավելացել գրեթե։
Մանրամասն՝ տեսանյութում