16/03/2019 10:12
«Հրապարակ». «Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը, շունչը պահած, սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք` աշխատակիցներին ծանուցագրեր են տվել։ «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ։ Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնելու` բողոքի ցույցի», - ասացին աշխատակիցները:
Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաև այս տարվա դպրոցական քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որևէ բան պահպանել «նախկիններից»։ ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝ 2016-ին ևս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերադառնում»:
Փաստորեն, նախարարական նախասիրություններով են քննությունները որոշվում։ «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին` ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել` ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձևավորում աշակերտի մոտ»: