16/03/2019 14:53
Թե ինչպե՞ս լուրջ գործարարը դարձավ ֆիլմի գլխավոր դերակատար. Արաբո Գրիգորյանը նկարահանվել է «Ա.Կ.Ա» ֆիլմում
Մարտի 21-ին կկայանա «Ա.Կ.Ա» ֆիլմի պրեմիերան, որում խաղացել է նաև Արաբո Գրիգորյանը: Սկսնակ դերասանը նաև ֆիլմի համապրուդյուսերն է (մյուսը՝ Սարգիս Գրիգորյանն է): Ֆիլմում նկարահանվել են նաև Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Գեորգի Հովակիմյանը, Սամսոն Ստեփանյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը և այլք:
Aysor.am-ը զրուցել է Արաբո Գրիգորյանի հետ:
-Արաբո, մեծացել եք ՌԴ, ինչո՞ վ էիք զբաղվում նախկինում:
-Ես ծնվել եմ Մարտունիում, սակայն երկու տարեկանից տեղափոխվել ենք ՌԴ, որտեղ էլ մեծացել եմ: Երկու կրթություն ունեմ, սակայն թե՛ ես, թե՛ ընտանիքս որևէ առնչություն չունեիք արվեստի հետ: ՌԴ-ում ես աշխատում էի մեր ընտանեկան ընկերությունում, որը զբաղվում է ճանապարհների վերանորոգմամբ: Այդ աշխատանքը մինչ օրս շարունակում եմ և չեմ պատրաստվում դադարեցնել, քանի որ հարգում եմ հորս ստեղծածը: Պարզապես մի օր հասկացա, որ ցանկանում եմ նաև զբաղվել այն ամենով, ինչը միշտ սիրել եմ:
-Իսկ ինչպե՞ ս հասկացաք, որ ֆիլմ նկարահանելու ժամանակն է: Սեփական արտադրության ֆիլմում գլխավոր դերերից մեկը ստաձնելու միտքն ավելի ո՞ւշ եկավ:
-Ամեն ինչ սկսվեց 2015-ին, երբ ես ամուսնանում էի: Դիմել էինք դերասան Սարգիս Գրիգորյանին, ով և վարում էր միջոցառումը, և կազմակերպում էր այն: Նրա առաջարկով պետք է նախահարսանեկան սիրո պատմություն նկարահանեինք: Այնտեղ կար հստակ սցենար, որի համաձայն՝ ես փախչում էի ոստիկանությունից, պատահաբար մտնում էի տուն, որտեղ էլ հանդիպում էի ապագա կնոջս: Այդ ամենը վճռական դեր ունեցավ, հասկացա, որ ցանկանում եմ շարունակել: Դիմեցի Սարգիսին, արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Մենք դարձանք համապրոդյուսերներ, ապա նաև որոշում կայացրինք, որ պետք է նաև խաղամ: Նա ինձ մինչ այդ էլ էր ոգևորում, որ կարող եմ խաղալ:
-Ձեր առաջին աշխատանք է, ինչպե՞ս էիք Ձեզ զգում նկարահանման հրապարակում:
-Հենց սկսեցին նկարահանումները, կարծես թե, միանգամից ամեն ինչ իր տեղը ընկավ, իսկապես շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով օգնեցին ինձ: Դերասաններն էլ օգնում էին իրենց էներգիտակայով և մեծ փորձով: Ըստ սցենարի՝ իմ կերպարը կյանքի 2 փուլ է ունենում, սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ, որևէ մեկը նրա կողքին չէ, նույնիսկ ընտանիքը նրան դեմ է դուրս գալիս: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ցանկանում եմ իսկապես էմոցիաներ հաղորդել մարդկանց, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է սիրել ընտանիքը, գնահատել ընկերությունը:
-Ձեր նկարահանվելու որոշումն ինչպե՞ս ընդունեցին ընտանիքի անդամներն ու ընկերները:
-Ընտանիքս ինձ սատարեց: Ինձ համար կյանքում գլխավոր հեղինակությունը հայրս է, ով ինձ ասաց, որ դեռ փոքրուց հակված եմ եղել դրան, եթե ցանկանում եմ, ապա ինչո՞ւ չպետք զբաղվեմ այդ գործով: Ընկերներս կարծես թե, մի փոքր անլուրջ էին մոտենում՝ ասելով, որ ես լուրջ գործարար եմ: Նրանք մտավախություն ունեին, որ ինձ կարող էին լուրջ չընկալել: Բայց հետո հասկացան, որ այս ամենն իսկապես զիլ է:
- Շուտով պրեմիերան է, հուզմունք կա՞:
-Այո, նախքան պրեմիերան հուզվում եմ, իսկ ամենաշատը սպասում եմ ծնողներիս կարծիքին, մասնավորապես՝ հորս խոսքին: