18/03/2019 17:15
Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան
Հայաստանի փորձագիտական դաշտի, ադրբեջանագետների մեկնաբանությունները ոչ մի, այն էլ՝ բացասական ազգեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով վերջերս հնչող պնդումներին, որ փորձագիտական դաշտի մեկնաբանությունները կարող են վնասել գործընթացին:
«Այս պնդումների հետ, բնականաբար, համամիտ չեմ ու դրանցից, իրականում, շատ տխուր երևույթների հոտ է գալիս։ Ժամանակին օրինակ՝ Խորհրդային Միությունում արգելված էին հասարակական գիտությունները, մասնավորապես, քաղաքագիտությունը։ Դրա հետևանքը մենք մեզ վրա էլ մինչև հիմա զգում ենք: Գենետիկան էր արգելված՝ որպես բուրժուական գիտություն, էլ ավելի «խավար» ժամանակներում առհասարակ ցանկացած տեսակի գիտությունն էր արգելված ու մի տեսակ այսպիսի համանման տպավորություն եմ ես ստանում», - ասաց Էդգար Էլբակյանը։
Նա ընդգծեց՝ փորձագետների կարծիքները չեն կարող ազդեցություն թողնել հարցի կարգավորման վրա, քանի որ պաշտոնական դիրքորոշումների հետ չափման տարբեր հարթություններում են:
«Ադրբեջանագետների մեկնաբանությունները ոչ մի ազդեցություն, այն էլ՝ բացասական, ո′չ բանակցային գործընթացի վրա, ո′չ Ադրբեջանի դիրքորոշման վրա, ո′չ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունների վրա չեն կարող ունենալ, որովհետև դրանք տարբեր հարթություններում, չափումներում ու կոորդինատային առանցքներում գտնվող երևույթներ են», - ասաց ադրբեջանական հարցերով փորձագետը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ հաճախ հարցի մասին հրապարակային հայտարարություններ են անում ու կարծիք հայտնում ոչ մասնագետները, կամ բավարար փորձ չունեցող մասնագետները, Էդգար Էլբակյանը նշեց՝ երևույթը նոր չէ, բոլորս գիտենք, որ «Հայաստանում ամեն օր 3 մլն քաղաքագետ ու ռազմական փորձագետ է արթնանում»։
«Մեզ մոտ այդ հարցում գործում է նույն սկզբունքն, ինչ հին խորհրդային տրոլեյբուսներում ու ավտոբուսներում, երբ գրված էր՝ «վարորդը նաև հսկիչ է»։ Իրականում դա տխուր է, որովհետև, երբ մեդիան վերարտադրում է որևէ խոսք, բնականաբար, ցանկալի է, որ այն լինի որակյալ։ Ղարաբաղի հարցը մեր հանրության, բնակչության համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները։ Խնդիրն այն է, որ մի կողմից մարդիկ՝ թատերագետները, վարորդները իրացնում են իրենց ազատ խոսքի իրավունքն ու մամուլն էլ, բնականաբար, եկամուտ ունի դրանից՝ դիտումների տեսքով։ Մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ կարող են անորակ տեքստեր հնչեցնել, տարբեր կարծիքներ հայտնել նույն հարցի շուրջ ու արդյունքում բնակչության շրջանում հարցի վերաբերյալ հստակ ընկալում, հստակ ակնկալիքներ ու սպասելիքներ չեն ձևավորվում։ Այսինքն, այս տեսակ ոչ պրոֆեսիոնալ տեքստերը փչացնում են դաշտն ու այստեղ արդեն Ադրբեջանը կապ չունի, դրանք վնասում են հենց մեր՝ ներքին լսարանին»։
Ինչ վերաբերում է «փորձագետ» տերմինի հաճախակի կիրառմանը լրատվամիջոցներում, ադրբեջանական հարցերով փորձագետը նշեց՝ այդ տերմինը հստակ չափորոշիչներ ունի։
«Երբ օգտագործում ենք փորձագետ, մասնագետ, գիտնական բառերը՝ դա հստակ տերմին է, որը հստակ բան է նշանակում։ Առնվազն եթե փորձագետին անդրադառնանք, օրինակ՝ ադրբեջանական հարցերով փորձագետ կամ ադրբեջանագետ, դրա տակ նկատի ունենք մարդ, որը երկար ժամանակ զբաղվում է խնդրով, տիրապետում է որոշակի գործիքակազմի ու, ամենակարևորը, մեթոդաբանության՝ թե ինչպե՞ս բացատրել երևույթները, որովհետև կարդալ գիտենք բոլորս, օրինակ՝ ես կարող եմ կենսաբանության մասին կարդալ, բայց մեթոդաբանությանը չեմ տիրապետում։ Այսինքն, պետք է երկար տարիների ոլորտի իմացություն, երկրորդը՝ հստակ մեթոդաբանական ապարատ և երրորդ՝ հետևողական աշխատանք։ Չես կարող երկու ամիս լինել ադրբեջանագետ, հետո, երբ օրինակ, ավելի շատ հետաքրքիր են իրանական կամ թուրքական զարգացումները՝ դառնալ թուրքագետ։ Մասնագետ լինելու համար շատ կարևոր է հետևողականությունը», - ասաց Էդգար Էլբակյանը։