18/03/2019 11:54
«Ես թույլ եմ տալիս, հետևեք». վարչապետի հորդորով բնակիչները կհետևեն՝ համատիրության գումարներն ինչպես են ծախսվում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցում էին «Գրանդ հոլդինգի» կողմից կառուցված բազմաբնակարան շենքի բացմանը։
Վարչապետին ու քաղաքապետին խնդրանքով դիմեցին նորակառույցի դիմացի խարխլված շենքի բնակիչները՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց բնակարանային պայմաններին։
«Ես խնդրում եմ, էս շենքի վիճակին նայեք էլի, փլվում է, խնդրում ենք, մի բանով օգնենք էլի», - ասաց շենքի բնակիչներից մեկը։
«Դուք էլ նայեք», - արձագանքեց վարչապետը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությաւնն էլ հետաքրքրվեց՝ արդյոք բնակիչները վճարում են համատիրության վճարները։
«Ինչքան կարողանում ենք, վճարում ենք», - ասացին բնակիչները՝ ընդգծելով, որ չեն հետևում, թե գումարներն ինչպես են ծախսվում։
«Մեզ ով է թույլ տալիս, որ մենք հետևենք», - ասաց բնակինչներից մեկը։
«Ես թույլ եմ տալիս, հետևեք», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանք խնդրեցին գոնե շենքը դրսից կարգի բերել, որ համապատասխանի դիմացի նորակառույցի գույներին։
Հայկ Մարությանն էլ ասաց, որ բոլոր շենքերը կարգի են բերվելու։
Բնակիչները խոստացան ֆինանսապես օգնել, որ շենքը կարգի բերվի։
«Եթե բնակիչները պատրաստ են, լավ գաղափար է, մի քիչ քաղաքապետարանը կմասնակցի, մի քիչ էլ կառավարությունը մասնակցի։ Ցանկացած հարցի լուծման հիմքում պետք է դնել համագործակցությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։