18/03/2019 12:21
Հարկային օրենսգիրքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա. Տիգրան Ավինյան
Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում, խոսակցություններն ու քննարկումները շարունակական են, փաթեթն արդեն իսկ տեղափոխվում է ԱԺ դաշտ, ու կարծում եմ, քննարկումներն այնտեղ կշարունակվեն», - ասաց նա։
Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորները թերություններ էին տեսնում, Ավինյանը արձագանքեց. «Փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է ու այնտեղ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել ու ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումների կգանք»։
Հարցին՝ հարկային օրենսգրքի փաթեթը հեղափոխակա՞ն էր, փոխվարչապետը պատասխանեց. «Սա օրենսգիրք է, որը սպասված էր բիզնեսի կողմից, համոզված եմ, որ այն դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»։