18/03/2019 19:22
Իմ կյանքում էլ եղել է դեպք, որ վստահելով ընկերոջս՝ հուսախաբ եմ եղել. Գեորգի Հովակիմյան
Մարտի 21-ից մեծ էկրան կբարձրանա «Ա.Կ.Ա.» գեղարվեստական ֆիլմը, որի նկարահանման աշխատանքների մեկնարկի մասին Aysor.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր դեռևս ամիսներ առաջ: Ֆիլմի առանցքային դերակատարներից Գեորգի Հովակիմյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրեն վստահված կերպարին, նկատեց՝ մարդ է, ում համար սեփական շահն ամենակարևորն է:
Գեորգի Հովակիմյանի մարմնավորած Վասակ Խաչատրյանը (մտերիմների համար՝ Վաս) և՛ իշխանական վերնախավի, և՛ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ մեծ կապեր ունեցող անձնավորություն է: Ի դեպ, դերասանը ժպիտով նկատում է՝ Վասակ անունը պատահաբար չի ընտրվել, հայկական պատմությունն էլ Վասակ անունով (նկատի ունի Վասակ Սյունիին՝ հեղ.) դավաճան է ունեցել:
«Մենք մոտ ընկերոջը վստահում ենք ու մտքներովս չի անցնում, որ կարող ենք մի օր փաստի առաջ կանգնել: Ընկերդ կարող է իր շահը գերադասել ձեր հարաբերություններից, անգամ՝ ընտանեկան մտերմությունն անտեսել: Կան այդպիսի մարդիկ, իմ կյանքում էլ եղել է դեպք, որ վստահելով ընկերոջս՝ հուսախաբ եմ եղել: Այդպես եղավ և հերոսիս հետ. նրա մոտ ընկերը հետո է իմանում, որ նա կապված է այդպիսի մարդկանց հետ, ու ցանկանում է դարձի բերել՝ զոհելով իր կյանքը», - մանրամասնեց դերասանը:
Գեորգի Հովակիմյանի հերոսի ընկերոջ կերպարում Սամսոն Ստեփանյանն է, որդիններին մարմնավորում են դերասան Խորեն Լևոնյանն ու ռուսաստանաբնակ Արաբո Գրիգորյանը, ով հանդիսանում է նաև ֆիլմի համապրոդյուսերը: Որդիների ընկերոջ դերում դերասան, ֆիլմի պրոդյուսեր Սարգիս Գրիգորյանն է: Կանանց կերպարները վստահվել են Նարինե Պետրոսյանին, Աննա Դովլաթյանին, Աննա Գրիգորյանին:
Ա.Կ.Ա.՝ Արամ, Կարեն, Արթուր. երկու եղբայր ու մեկ ընկեր, որոնց անունների առաջնատառերով էլ անվանվել է ֆիլմը: Դրամատիկ ֆիլմն արտացոլում է 90-ականներից մեր օրերը, որտեղ տեղ են գտել դավաճանությունը, սերը, նվիրվածությունն ու ընկերությունը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են սեպտեմբերի վերջին: Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, որոշ հատվածներ՝ Ձորագյուղում: Բեմադրող ռեժիսորն է Արմեն Միրզոյանը, օպերատորը՝ Արման Օրդյանը: Ֆիլմի համար կոմպոզիտոր Արման Էլբերտի կողմից հատուկ գրվել է երաժշտություն: