19/03/2019 12:46
Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի. Արտակ Զեյնալյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այսօր այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Անձը ձերբակալվածի կարգավիճակ ունի. Կա փաստ, անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը և իրականցվում է նախաքննություն», - ասաց Զեյնալյանը։
Հարցին, թե ադրբեջանցուն վերադարձնելու գործընթաց կա՞, նախարարը պատասխանեց.
«Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են, պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը ամբողջությամբ։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։ Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»։
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին երեկ այցելել էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության, Հայաստանի Օմբուդսմանի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն:
Է. Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից:
Ըստ աղբյուրի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Է. Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում:
Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է:
Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: