19/03/2019 12:42
Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկի օրինականության շրջանակներում. Վարչապետ
Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարությունը, ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը», - ասաց նա:
Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար:
«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ և հնարավորությունը կար, և ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որևէ գործողություն երբևէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում», - ասաց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ մարտի մեկի դեպքով նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա:
«Մարտի մեկի պարկուճները փոխվել են, այսինքն՝ այն պարկուճները, որով կատարվել են սպանություններ, փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում, սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի մեկի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: