19/03/2019 12:37
ԵՄ հետ համատեղ ծրագրերը կարող են իրականացվել, սակայն պետական պարտքի ավելացման հաշվին. պետք է քննարկել՝ պատրա՞ստ ենք դրան. Նիկոլ Փաշինյան
Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրամիության հետ քննարկվել է 13 ծրագրի համատեղ իրականացման հնարավորություն, որոնք վերաբերում են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը, էներգետիկ, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումներ կատարելուն, այսօր լրագրողների հետ հանդիպմաննա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«13 ծրագրերը վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինության մեծ նախագիծ իրականացնելուն, այսինքն՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացին, որը, բնականաբար, պետք է որոշակի ժամանակացույցով լինի։ Մեր ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին։ Վերաբերում է ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանն ու ներդրումներին, այդ թվում՝ նաև էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային վարչարարության բարեփոխումներին և այդպես շարունակ։ Այսինքն՝ Եվրամիությունում մեր արձանագրումը հետևյալն էր՝ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակներում ու ԵՄ բարձր ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս ծրագրերի աջակցմանը», - ասաց վարչապետը՝ նշելով, որ այստեղ որոշակի խնդիր կա։
«Եվրամությունն ասում է, որ իրենք, այո′, պատրաստ են շատ լուրջ աջակցություն ցույց տալ այս ծրագրերին, բայց բոլորիս համար հասկանալի է, որ Եվրամիությունը չի վերցնելու այդ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորի և Հայաստանը նույնպես պետք է իր բաժին ներդրումն ունենա։ Հայաստանի բաժին ներդրման համար մենք ունենք մի խոչընդոտ, խնդիր, դա այն է, որ պետական պարտքի մասին օրենքում առկա են սահմանափակումներ, ըստ որոնց մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը և հիմա ԵՄ առաջարկած մեխանիզմը հետևյալն է, որ նրանք ասում են, որ մենք պատրաստ ենք մի մասով գրանտ տալ, բայց ակնկալում են, որ Հայաստանը նույնպես իր ներդրումը կունենա։ Մեր ներդրման, այս պահին ամենատեսանելի աղբյուրները, կարող են լինել արտաքին աղբյուրները, ինչը կարող է ենթադրել պետական պարտքի ծավալի մեծացում ու պետք է շատ լուրջ քննարկում ունենանք՝ պատրա՞ստ ենք գնալ այս ճանապարհով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կլինի Կենտրոնական բանկի ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։