19/03/2019 12:50
Իրան այցից առաջ խոսել եմ ՌԴ նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան
Իրան կատարած այցից առաջ ես խոսել եմ Վրաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Թուրքմենստանի նախագահի հետ և նրանց տեղեկացրել, թե ինչ հարցերի շրջանակում եմ պատրաստվում այցելել Իրան, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան կատարած այցի ժամանակ անդրադարձ եղա՞վ իրանական գազ Հայաստան ներմուծելու և տարանցելու մասին, արդյոք սա նոր գազատարի մասին է, և ի՞նչ կարծիք ունեն այս մասին հարևան Վրաստանն ու Ռուսաստանը։
«Խոսքը նոր գազատարի մասին չէ. Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի, Վրաստանի վարչապետի և Թուրքմենստանի նախագահի հետ, նրանց տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, կարևոր է եղել նրանց մոտեցումն այս հարցում», - ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ վերոնշյալ անձանց հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Իրանում կարևոր կետերից մեկը պետք է լինի քննարկումները այդ հարցով։
«Այդ քննարկումները կշարունակվեն, քանի դեռ եզրահանգման չենք եկել, մեր ընդհանուր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ հնարավոր բոլոր ուղղություններով պետք է շարունակենք մեր համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։