19/03/2019 15:59
Անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Արցախի հարցը քննարկել Սերժ Սարգսյանի հետ
Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնելու, որևէ բարդույթ չկա, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել և ինքը ներկայացրեր է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեիք: Կարող ա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող ա մյուս օրը 2004 թվականի հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող ա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով՝ ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի», - ասաց Փաշինյանը:
Խոսելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից՝ Փաշինյանը նշեց, որ Ալիևի հետ հանդիպումներն ու նախկինում ունեցած զրույցները դրական է համարում:
«Շատ դրական եմ համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա: Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադբեջանի ղեկավարն էլ պետք է մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու»: