19/03/2019 14:47
Եզրահանգումներ անել, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարող են վնասվել, վաղ է. թուրքագետ
Պաշտոնական հռետորաբանության առումով Թուրքիայի և Իսրայելի միջև առկա է կայուն լարվածություն, սակայն դրանից լուրջ եզրահանգումներ անել, որ երկու երկրների հարաբերությունները կարող են վնասվել, դեռևս վաղ է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայհիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդու՝ Յաիր Նեթանյահուի թվիթերյան հեռահար բանավեճին։
Հիշեցնենք, որ կրտսեր Նեթանյահուն ավելի վաղ իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ գրառում էր կատարել՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանությունը:
«Ես նրան կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին», - Էրդողանի հասցեին գրել էր Յաիր Նեթանյահուն:
«Քանի որ Էրդողանն իսլամամետ գործիչ է, իսկ ցանկացած մահմեդականի համար Իսրայելին քննադատելը պարտականություն է, ժամանակ առ ժամանակ Թուրքիայի նախագահը հենց այդպես էլ վարվում է», - ասաց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանը միաժամանակ նկատեց, որ թուրք-իսրայելական հարաբերություններն առհասարակ կարելի է երկու հարթությունում դիտարկել. առաջինն, ըստ նրա, այն է, որ երկու երկրներն իրար կապված են շատ լուրջ կապերով՝ հենված ընդհանուր շահերի վրա։
«Չմոռանանք նաև, որ եղել է մի հետաքրքիր համագործակցության առանցք՝ ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել եռանկյան ձևաչափով։ Թուրք-իսրայելական հարաբերությունների մյուս հարթությունում՝ պաշտոնական հռետորաբանության մեջ, երբեմն նաև խորհրդանշական քայլերում, նկատվել է լարվածություն։ Տարիների ընթացքում նման դրսևորումներ եղել են։ Չմոռանանք Դավոսում տեղի ունեցած հայտնի՝ «One minute» անունը ստացած սկանդալը, երբ Էրդողանը, «One minute», ասելով՝ ընդատում էր Իսրայելի ղեկավարին՝ նրան բավական կոշտ քննադատության ենթարկելով», - ասաց մեր զրուցակիցը՝ տեսակետ հայտնելով, որ վերջին թվիթերյան սկանդալը թուրք-իսրայելական հարաբերություններում հերթականներից մեկն է։