19/03/2019 13:05
2019-ին բոլոր ֆինանսական ցուցանիշներով աճ ենք կանխատեսում. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն
2018 թվականին բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 771 մլդ դրամ, ակտիվները՝ 4.9 տրլն դրամ, վարկերը՝ 3.2 տրլն, իսկ պարտավորությունները՝ 4.2 տրլն ՀՀ դրամ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Բանկային համակարգը առաջընթացիկ զարգացում է ունենում, քան ողջ տնտեսությունը», - ասաց Սեյրան Սարգսյանը՝ նշելով, որ անցնող տարվա ընթացքում բանկերի կապիտալն աճել է 11.3 տոկոսով, ակտիվները՝ 14 տոկոսով։
Վարկային ներդրումները ևս աճել են։ Այստեղ աճ է նկատվել 392 մլրդ դրամով կամ 13.7 տոկոսով։
«Հիպոթեքի համար տրվող վարկերն աճել են 22 տոկոսով, գյուղատնտեսության ՝ 5.7, արդյունաբերության՝ 9.4, տրանսպորտի և կապի՝ 46.2, առևտրի՝ 13, ծառայություններ՝ 31.2, սպառողական վարկերն աճել են 36 տոկոսով։ Շինարարական ոլորտին տրված վարկերի ծավալները նվազել է 1.8 տոկոսով», - տեղեկացրեց Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ 2018 թվականին ընդհանուր ավանդները նախորդ տարվա համեմատ աճել են 273 մլրդ դրամով և կազմել են 2 տրլն 863 մլրդ դրամ։
Ինչ վերաբերում է 2019 թվականին, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենն ասաց, որ բոլոր ֆինանսական ցուցանիշներով այս տարի աճ են կանխատեսում։