19/03/2019 12:19
Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա:
«Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալներով:
«Այդ ծրագերից 42 –ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրությանը:
«Ես ինքս էլ մասնակցելու եմ, կմասնակցեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում, վիզուալ առումով ամենամեծ պրոբլեմներից մեկը աղբի համատարծության պրոբլեմն է, կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, որ մեր երկիրը ազատենք աղբից», - ասաց Նիկոլ Փաշինյանը: