19/03/2019 12:57
Ռազմարդյունաբերության ոլորտում ունենք նոր կարևոր արտադրանքներ, որոնք, հուսով եմ, առաջիկայում կդրվեն սերիական արտադրության. Նիկոլ Փաշինյան
Սպառազինության ձեռք բերման ուղղությամբ քայլեր են արվում դեռ 2018թ. մայիսից, ինչպես նաև բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում ռազմարդյունաբերության ոլորտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, ըստ էության, ունենք կարևոր նոր արտադրանքներ, որոնք առաջիկայում հույս ունեմ սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Մենք նախագծեր ունենք, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են և, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիապես զարգացման երկիր լինի ու մենք այդ ճանապարհով ենք գնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ պետք է կենտրոնանալ ոչ թե որևէ զինատեսակ ունենալու հարցի վրա, այլ այն խնդրի, որը Զինված ուժերը ցանկանում են լուծել տվյալ զինատեսակի միջոցով:
«Մենք պետք է կենտրոնանանք ոչ թե տանկ ունենալ-չունենալու վրա, այսինքն՝ ոչ թե տանկ առարկայի վրա, այլ այն խնդրի վրա, որը մենք պատկրեացնում ենք, որ պիտի լուծենք տանկ ունենալու միջոցով և պետք է հասկանանք, թե ո՞րն է այն նոր տեխնոլոգիան, որը պետք է թույլ տա այդ խնդիրը լուծել։ Էականը ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը պետք է լուծենք», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։