19/03/2019 13:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը, փողը ներկայացնել ու խոստովանական ցուցմունք տալ. Նիկոլ Փաշինյան
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքն ու փողը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բոլոր պաշտոնյաները, խոսքը, շեշտում եմ, պաշտոնյաների մասին է, շատ կարևոր է, որ մենք հանկարծ բիզնեսի, ներբիզնեսային հարաբերությունների մեջ չմտնենք։ Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փող, գույք, ամեն ինչ...ներակայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ ու վերադարձնել այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ հարցը եղել ու կլինի օրակարգում:
«Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք այդ օրակարգի մասին... չենք կարող մենք այդ օրակարգի մասին մոռանալ, բացառված է, որ մենք դա մոռանանք։
Ես ասել եմ ու ասելու եմ, որ այո′, մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ Եթե այստեղ ես չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն պետք է գնամ կոնկրետ քայլերի, որովհետև որևէ մեկը թող հույս չունենա, որ մենք այս օրակարգը կմոռանանք»։