19/03/2019 17:11
Շատ հետաքրքիր առաջարկներ կան. Հայկ Մարությանը՝ մետրոյի նոր կայարանի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրւոյցում հերքեց մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն իր կինն աշխատում է քաղաքապետարանում, զբաղվում քաղաքացիների ընդունելություններով և մինչև անգամ պատասխանում ամուսնու հեռախոսին։
«Բնականաբար, նման բան չկա։ Բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է համատիրություններին, Հայկ Մարությանը նկատեց, որ բնակիչները պետք է պահանջատեր լինեն՝ իմանալու, թե որտեղ և ինչ նպատակով են ծախսվում իրենց վճարած գումարները։
Անդրադառնալով վերելակների հարցին՝ Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ընթացիկ լուծումներ լինելու են, սակայն սպասում են գլոբալ լուծման։
Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին նաև մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան՝ ի դեմս «Թումոյի» մերձակայքում կայարան ունենալուն։
Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին տարբերակով կայարանի հարցը կարել է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։
«Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք։ Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով երեկ մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսամնասիրելու համակարգը, փորձը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ», - ասաց Մարությանը։