20/03/2019 11:29
Հայաստանի համայնքներում կներդրվի համամասնական ընտրակարգ. Սուրեն Պապիկյան
Ունենք համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ցավոք, այդ թիվը մեծ չէ, և սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ», - ասաց նախարարը։
Ըատ Պապիկյանի՝ այդ համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական և մոտեցումը ճիշտ լինի, միայն կուսակցական պատկանելությանը պետք է շեշտը չդնել։
«Փաստ է, որ գոնե մարզերում կուսակցությունները, ցավոք, բավարար կայացած չեն։ Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք», - նշեց նախարարը։