21/03/2019 13:45
«Հետողորմյա». Արտակ Գասպարյանը կրկին տեղադրեց վարչապետի հետ լուսանկարը սոցցանցում
Երեկ Aysor.am-ը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը պատրաստվում է հեռանալ պաշտոնից և վերադառնալ Մոսկվա:
Նախքան լուրի հրապարակումը, նախ՝ զանգահարել էինք Արտակ Գասպարյանին, որպեսզի ստանանք նրա մեկնաբանությունը, սակայն, վերջինս ասաց, որ լրագրողների հետ հեռախոսով չի խոսում, ապա մերժեց մեր լրագրողի հետ հանդիպելու առաջարկը՝ ասելով, թե «մոտակա ժամանակներում այդ հնարավորությունը չկա»։ Մենք կապ հաստատեցինք, նաև կառավարության լրատավական ծառայության հետ, որտեղից ասացին, թե «այս պահի դրությամբ նման բան չկա» և խորհուրդ տվեցին հետևել կառավարության պաշտոնական կայքին: Եվ մեկնաբանություն ստանալու փորձերից հետո միայն Aysor.am-ը հրապարակեց տեղեկությունը:
Արտակ Գասպարյանի Facebook-յան էջը ուսումնասիրելիս հայնաբերեցինք, որ նա իր էջից հեռացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 29-ին արված լուսանկարն ու նրան գովաբանող գրառումը, ինչի մասին գրեցինք նույն հրապարակման մեջ:
Պարզվում է, հրապարակումն այնքան էլ դուր չի եկել վարչապետի խորհրդականին: Բայց, քանի որ մեր հրապարակումը հիմնված էր բացառապես փաստերի վրա, նա, մեղմ ասած, անհարմար դրության մեջ հայտնվեց՝ «հետողորմյա» անելով իր կողմից հեռացված լուսանկարը՝ կրկին տեղադրելով այն սոցցանցում և խոստացավ, որ այլևս չի ջնջի այդ լուսանկարը:
Իսկ ավելի ուշ Գասպարյանը պարզաբանում տվեց News.am-ին՝ նշելով. «ես այս պահին Երևանում եմ» և շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը։
Փաստորեն, վարչապետի խորհրդականն առնվազն անկեղծ չի եղել՝ ասելով, թե հեռախոսով մեկնաբանություններ չի տալիս, քանի որ Aysor.am-ը, պահպանելով լրագրության կանոնները, փորձել էր նախքան հրապարակումը ստանալ նրա մեկնաբանությունը:
Ինչևէ, «այս պահին» Երևանում գտնվող Գասպարյանին լրատվամիջոցին «կոնսպիրոլոգիայի» մեջ մեղադրելուց առաջ չէր խանգարի բարեհաճել պատշաճ պատասխանել լրագրողի հարցերին: Հավելենք, որ անկախ «այս պահին Երևանում» գտնվելու մասին Գասպարյանի փաստարկից՝ նրա մոտալուտ հրաժարականի շուրջ տեղեկությունները չեն դադարում: