21/03/2019 15:14
Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողները, հնարավոր է, ավելի քիչ ծառայեն (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը 24 ամսից կրճատելու, իսկ հերթապահություն չիրականացնող զինծառայողներինը՝ ավելացնելու հարցը։
Aysor.am-ի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասնեց, որ նման հնարավորության վերաբերյալ քննարկումներ կան.
«Հարցը դեռ քննարկման փուլում է։ Մենք քննարկում ենք հետևյալը՝ եթե անձի առողջական վիճակը ներում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու, արդյոք հնարավո՞ր է նրա ծառայության ժամկետը 24 ամսից ավելի կարճ սահմանել, ինչի հնարավորությունը հիմա չկա, և այն անձանց ծառայության ժամկետն, ովքեր մարտական հերթապահության մեջ չեն ընգրկվում, այսինքն՝ օժանդակ գործառույթ են իրականացնում, ավելի երկար կազմակերպել ոչ մարտական հերթապահության պայմաններում»։
Նրա խոսքով՝ երբ գնահատվեն այս հարցի բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերն ու, եթե այն հասնի օրենսդրական նախաձեռնության մակարդակի, հանրությունն անպայման կտեղեկացվի այդ մասին։