21/03/2019 11:46
Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, համաձայն որի՝ Հայաստանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է՝ ինչ վարձատրություն չեն ստացել:
«Ես ուզում եմ հասկանալ՝ այսպիսի բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ պետական աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան», - ասաց նա:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին դրամաշնորհով է եղել ֆինանսավորումը, իսկ այս տարի մրցութայինի է փոխվել, ինչի վերաբերյալ «Արմաթ»-ը առարկություն է հայտնել:
«Մենք բանակցել ենք և ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք, նախագիծը կքննարկվի կոմիտեի նիստում և կընդունվի մյուս շաբաթ», - ասաց նա:
Վարչապետը առարկեց՝ նշելով, որ այդ մարդիկ երեք ամիս չեն ստացել աշխատավարձ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքը աշխատողներին չի վերաբերում, այլ՝ հասարակակական կազմակերպության կողմից իրականացվող աշխատողներին:
Փաշինյանը նշեց, որ այդ ամենը հասկանալի է, սակայն պետությունը կարևորել է այդ ծառայությունը:
«Սա աննորմալ երևույթ է: Ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց է հնարավոր դառնում այսպիսի երևույթները: Մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լավ լինի՞, թե՞ ավելի վատ լինի, իհարկե փոխում ենք, որ ավելի լավ լինի, հետևաբար, հարց՝ ինչու է ավելի վատ: Ես ասում եմ՝ մրցույթը մինչ հիմա ինչո՞ւ չի եղել, այսօր մարտի քսանմեկն է, ինչո՞ւ չի եղել», - ասաց վարչապետը:
Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է «Արմաթը» իրականացնում իր աշխատանքները և հիմա, քանի որ վճարման ձևը փոխվել է, առարկություն է ներկայացվել «Արմաթի»-ի կողմից, որ դա իրենց գույքն է, ինչի հետ համաձայնել է ԿԳՆ-ն, այսինքն՝ ստացվել է՝ եթե իրենք չշահեն, այդ ծրագիրը չի իրականացվելու:
Վարչապետը հարցրեց, թե, այդ դեպքում, այն ժամանակ ինչու են այդ որոշումը ընդունել։ Արձագանքեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ բավարար քննարկման ժամանակ չի եղել, դրա համար որոշակի ռիսկեր են եղել և հապճեպ է եղել:
Նա հնարավոր համարեց, որ Գյումրու և Վանաձորի տեխնոպարկի դեպքում էլ կարող է այդ հարցը առաջանա հետագայում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց այսօրվա նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել:
«Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե խնդիր առաջացավ՝ ասել՝ եկեք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք չունենամ ընդհանրապես», - ասաց վարչապետը:
«Եթե արդեն շրջանառվել է այդ որոշումը՝ կարող էին հենց այսօր անել», - ասաց Տ.Ավինյանը:
Ինչին վարչապետը պատասխանեց. «Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել»: