21/03/2019 12:37
Առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, իրականում, ստացվում է 24 տոկոս. իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է:
«Ասում ենք, որ վարկի տոկոսը իջավ, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - ասաց վարչապետը:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքը էֆեկտիվ տոկոսոադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են:
«Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:
«Մտավախությունն այն է, որ թվերը իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում է իրականությանը։
«Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», - ասաց փոխվարչապետը։
«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշեց Փաշինյանը։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը օրինակ բերեց 2,5 միլիոն դրամ վարկ վերցնելու և պահանջվող վճարների մասին:
«Հո՞ ձեզ հետ դա չի պատահել», - կատակեց վարչապետը։
Նախարարն էլ նշեց, որ ինքը աշխատում է վարկ չվերցնել:
Արթուր Ջավադյանը նշեց, որ իրենց վերցրած վարկերն էլ են այդպիսին, դրանց համար էլ վճարներ կան: Նա բարձրացրեց գրավատների հարցը և նշեց, որ այստեղ խնդիր կա նրանց կողմից ներկայացված տոկոսադրույքների առումով, քանի որ դա երբեմն գերազանցում է հարյուր տոկոսը:
«Հայատանում հարյուր տոկոսով վարկ կա՞», - հարցրեց վարչապետը։ Ի պատասխան Արթուր Ջավադյանն ասաց, որ կարծում է՝ դրանից ավելի էլ կա:
ԿԲ նախագահը չհամաձայնեց, որ լոմբարդները փոքր և միջին բիզնես են և օրինակ բերեց, թե որքան հարկ են տալիս լոմբարդները:
«Ֆինանսական հարաբերություններում և, ընդհանրապես, բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ, ի վերջո, ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Սա ՀՀ-ում շատ դեպքերում արձանագրված չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը օրինակ բերեց, որ նամակ է ստանում, թե մարդը մեկին սպանել է, սակայն հիմա շատ վատ վիճակում է սոցիալական առումով, երեխաներ ունի և այլն։ Նա հարց բարձրացրեց, թե իր արարքից առաջ ինչո՞ւ չի մտածել իր երեխաների մասին և փորձ է անում իր արած արարքի պատասխանատվությունը դնել այլ մարմնի վրա:
«Մեզնից յուրաքանչյուրն անձամբ ինքն է պատասխանատու իր որևէ գործողության և դրա հետևանքների համար, դա չի նշանակում, որ կառավարությունը քաղաքացիներին մենակ է թողնում, այլ ցանկանում է այս մասին խոսակցություն ունենալ, որ մեկս մյուսին վատ վիճակի մեջ չգցենք», - ասաց ՀՀ վարչապետը։